Նաիրա Մկրտչյան. Պատմական (ան)արդարության գաղափարի շրջանառման առանձնահատկությունները Հայաստանում

Նաիրա Մկրտչյան. Պատմական (ան)արդարության գաղափարի շրջանառման առանձնահատկությունները Հայաստանում

Առնվազն 2000 թվականներից սկսած (ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում) հայկական տրամասային տարածության լայնորեն շրջանառվող ու տիրապետող գաղափարը, ըստ էության, «պատմական (ան)արդարություն» գաղափարն է: Վերջինս ներկայանում է որպես թե մի «հանգուցային կետ», որը փորձում է ստանձնել որոշակի տրամասություն կարգաբերելու գործառույթ: Ավելին` որոշակիորեն տիրապետող տրամասության «հանգուցային կետն» է: Երրորդ հանրապետության մերօրյա պատմության մեջ նրա շուրջ են հյուսվում պատումներ, որոնք վերաբերում են ներքին քաղաքականությունից (օրինակ, տնտեսական թույլ զարգացում, աղքատություն), մինչեւ արտաքին քաղաքականության հարցեր (Ղարաբաղյան հակամարտություն, Ցեղասպանության ճանաչում): Ուստի, հենց բուն գաղափարի կազմավորման ու արտիկուլացման քննումը կարծես անհրաժեշտություն է:

20-րդ դարի երկրորդ կեսին ակադեմիական տիրույթում հայտնվելուց ի վեր «պատմական (ան)արդարություն» գաղափարի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Եվ այդ ոչմիանշանակությունն  այս պահի դրությամբ ոչ այնքան տեսական,  որքան գործնական դրդապատճառներ ունի: Հարցադրումները, ենթադրվող փորձառությունները մշակվում ու դիտարկվում են, ըստ էության, վերլուծական փիլիսոփայության ավանդույթում եւ հետո փորձ արվում գործի դնել: Այսպիսով, կարծես չիրացված է մնում նրան մայրցամաքային ավանդույթի հենքի վրա մի քննական-քննադատական հայացք նետելու հնարավորությունը: Այս բանախոսությունը փորձելու է այդպիսի  մի հայացք նետել` որպես ելակետ ընդունելով Դանքան Այվասոնի «պատմական (ան)արդարության» սահմանումը:

«Պատմական անարդարություն ասելով ես նկատի ունեմ անհատների, խմբերի, հաստատությունների կատարած չարիքները (harms) կամ անիրավությունները (wrongs) այլ անհատների, խմբերի հանդեպ, ովքեր այժմ մահացած են, բայց որոնց ժառանգներն այսօր ապրում են: «Ժառանգներ» ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն անհատներին, այլև անհատներից կազմված տարատեսակ խմբերին, ովքեր նույնանում են ժամանակի ընթացքում պահպանված (հաստատությունների ու պրակտիկաների մեջ առարկայացած) կոլեկտիվ ինքնության հետ»,- գրում է հեղինակը:

Այս սահմանմանը քննական-քննադատական հայացք նետելու պարագայում կարող են առաջադրվել հետեւյալ հարցեր.

ինչպիսի՞ գաղափարաբանական ազդեցությունների ներքո է «պատմական (ան)արդարություն» գաղափարը փորձել գիտական-փիլիսոփայական ձեւակերպում ստանալ ու լեգիտիմացվել: Ինչպիսի՞ առանցքային ըմբռնումներ են կազմավորում «պատմական (ան)արդարություն» գաղափարը: Արդյո՞ք դրանք ներքին պարադոքսների ծնունդ չեն տալիս: Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել «պատմական (ան)արդարություն» գաղափարի որպես թե «հեգեմոնիկ»  դիրքը հայոց մեջ: Այդ «հեգեմոնիայի» համար ինչպիսի՞ նախադրյալներ կան: Նրա արտիկուլացումը մեզանում ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի:

Բանախոսության շրջանակում այս հարցերին պատասխանելու փորձը մեթոդաբանական առումով  հենվելու է կառուցապաշտական մարքսիզմի ( Լուի Ալթյուսեր), հետկառուցապաշտության (Ֆուկո, Դերիդա), հետմարքսիզմի (Էռնեստո Լակլաու, Սլավոյ Ժիժեկ) որոշ գաղափարների, հղացքների ու մեթոդների վրա (տրամասություն, տիրապետություն, հանգուցային կետ, գաղափարաբանություն, կազմաքանդում եւ այլն): Իհարկե, դրանց գործադրումը հայկական համատեքստի պարագայում ունի իր սահմանափակումները: Սակայն այդ գործիքները հնարավորություն կընձեռնեն ինչ-որ չափով ուրվագծելու եւ շոշափելի դարձնելու խնդրո առարկա երեւույթը:

 

 

 

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *