Արդյո՞ք ուսուցիչներն ամենակարող են. Սերոբ Խաչատրյան, Հայաստան Գրիգորյան

Արդյո՞ք ուսուցիչներն ամենակարող են. Սերոբ Խաչատրյան, Հայաստան Գրիգորյան

Ի՞նչ է պետք այսօր մարդկանց: Այսօր երեխային անհրաժեշտ է տարրական գրագիտություն, քանի որ աշակերտը դպրոցից տանում է իր հետ կարդալը, գրելը և հետագայում իր աշխատած փողերը հաշվելը, և դա աշակերտների գերիշխող մեծամասնությունը, ուստի եկեք երեխաներին տանք, օր.՝ չորսամյա-հնգամյա տարրական կրթություն, և հետո ստեղծենք մասնագիտացման բազա, ուր ամեն մեկը կկարողանա իր համար հետաքրքիր, հոգեհարազատ որակավորում ձեռք բերել: 

Ուսուցիչն ամենակարող չէ և չի կարող իր գործողություններով բոլոր խնդիրները շտկել, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրա դերը զրոյական է: Այսօր հասարակության մեջ կա այն մտայնությունը, որ ուսուցիչները կորցրել են իրենց նախկին՝ շատ կարևոր դերը: Ուսուցչի մասնագիտությունն ու աշխատանքը այլևս նույն հարգանքը չեն վայելում: Սա, թերևս, շատ օրինաչափ է: Եթե տեղափոխվենք մեկ-երկու դար առաջ, երբ մենք ունեինք վարժապետեր, անգամ այդ բառն իր մեջ ինչ-որ ղեկավար պաշտոնի իմաստ էր կրում՝ արտահայտելով հասարակության ամբողջ հարգանքը ուսուցչի նկատմամբ: Պատճառն այն էր, որ ուսուցիչը հասարակության մեջ մտավորականության դասի ներկայացուցիչն էր, գրագիտության եզակի կրողներից մեկը և միակ աղբյուրը, որից աշակերտը կարող էր տեղեկություն և գիտելիք ստանալ: Այսօր արդեն այդպես չէ: Մենք ունենք տեղեկատվության հսկայական ցանց, որտեղից աշակերտն ամեն վայրկյան կարող է ձեռք բերել ամբողջ ինֆորմացիան և այն գիտելիքը, որը կամենում է, ուստի հույս ունենալ, որ մենք կարող ենք որակյալ կրթություն ապահովել երեսուն-քառասուն կամ գուցե նույնիսկ հինգ տարի առաջ համալսարանն ավարտած դիպլոմավորված մասնագետի միջոցով, որի ինտելեկտուալ կյանքը այդ նույն երեսուն-քառասուն կամ հինգ տարի առաջ մահացել է, իսկ սա մեր այսօրվա ուսուցչական պատկերն է, մեր հույսերն, անշուշտ, խիստ ուտոպիական են:

Մենք պետք է հասկացնենք մեր ղեկավար մարմիններին, նաև ուսուցիչներին, որ դպրոցն ամենևին գիտնական պատրաստելու տեղ չէ: Անգամ ամենալավ սովորած աշակերտները դպրոցից շատ քիչ գիտելիք են տանում, դպրոցը տեղ է, ուր քեզ պիտի տրվեն հանրակրթական գիտելիքներ՝ քիչ-քիչ ամեն ինչի մասին: Այսօր 11-րդ դասարանում ես դասավանդում եմ իրավագիտություն, որի մեջ ներառված նյութն այնքան է, որ կբավարարի առաջին ատյանի դատարանի դատավորի քննությունը հանձնելու համար, այսինքն աշակերտը, ով լավ է սովորում, պատրաստ է գնալ և իրավաբանության ֆակուլտետում երկու տարի այլևս ոչինչ չանել: Առանձին դեպքերում համալսարաններում կարելի է նկատել ուսանողների, որոնք դպրոցական դասագրքով սովորում են, պարապում:

Մենք այսօր հասել ենք նրան, որ ունենք կլորակ կամ птичка դնող սերունդ, ով մոռացել է, թե ինչպես են գրում: Եվ երբ դու ութերորդ-տասներորդ դասարանում տալիս ես հինգ տողանոց տեքստ, որն ինքը պետք է գրի, ինքն անում է քառասուն ուղղագրական սխալ: Եվ այդ երեխան նորմալ սովորող երեխա է, երեխան մեղավոր չէ, որովհետև ինքը չի գրում, ինքն ամբողջ կյանքում դրել է կլորակ, ինքը նույն կերպ ընդունվում է բուհ. անգիր է անում չորս հատորանոց շտեմարան ինչ-որ առարկայից և ընդունվում է: Եվ մենք հավակնում ենք այդ երեխայից հետագայում ստանալ լավ մասնագետ, որը հետ կգա դպրոց ու կդաստիարակի նոր սերնդին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *