Գուլագում ստեղծված լեզուն. Սիրանուշ Դվոյան/ Խորհրդային ժառանգություն

Գուլագում ստեղծված լեզուն. Սիրանուշ Դվոյան/ Խորհրդային ժառանգություն

Ես այսօր խոսելու եմ Գուլագում ստեղծված լեզվից: Ուզում եմ սկսել նրանից, որ այս լեզուն, անկախ նրանից ստեղծվել է ադմինիստրատիվ, թե բռնադատվածների շրջանակներում, կոդավորված է, փակ է եւ աշխատում է այնպես, որ հնարավորինս քիչ ինֆորմացիա փոխանցի: Այստեղ ինֆորմացիայի փոխանցման գործող սկզբունքը հղումների սկզբունքն է:

Գուլագը (Главное управление исправительно-трудовых лагерей) խորհրդային պետական կառավարման համակարգում եւ հանրային կյանքում առանձնակի դերակատարություն ունեցած մի իրողություն է: Խորհրդային Միությունում ուղղիչ աշխատանքային հաստատությունները ձեւավորվել են վաղ 1920-ական թթ.: Ի սկզբանե դրանք հղացվել են իբրեւ մի հաստատություն, որը գործված հանցանքի համար ազատազրկված քաղաքացուն հարկադրված հանրային կամ հարկադրված մասնագիտական աշխատանքի միջոցով պետք է կապված պահեր աշխատանքին: Այս նպատակով խորհրդային առաջին տարիներին բանտերի եւ ճամբարների ներսում սկսում են գործել արտադրամասեր (1921թ. գործել են նման 352 արտադրամասեր եւ 18 սովխոզներ): Այս հարկադրանքը, եթե պետք է կարդանք որպես պետական միջամտություն, անպայման այդպես պետք է կարդանք, չի բացառում հոգածության պահը: Ուղղիչ աշխատանքային հաստատությունը, իր իդեալում, մարդուն աշխատանքին կապելով նրան ոչ թե պետք է զրկեր հնարավորություններից, արդեն իսկ զրկել էր սահմանափակելով նրան գործելու որոշ ազատություններից, այլ սահմանափակումների մեջ հնարավորություններ պետք է ստեղծեր աշխատանքի միջոցով կապվել հանրային կյանքին` բարիք ստեղծելով:

1930-ական թթ. ուղղիչ աշխատանքային հաստատությունները վերակազմակերպվում են: Խորհրդային արդյունաբերականացման եւ կոլեկտիվացման այս ժամանակաշրջանում պետական քաղաքականության մեջ հրամայական է դառնում ‘աշխատանքի կազմակերպումը’: Պետությունը սկսում է հանդես գալ աշխատանքը կազմակերպողի դիրքում` պարտադրելով ինչպես աշխատանքի ձեւերը, այնպես էլ արդյունքները: Պարտադրանքներին հակադրվող կամ այդ ձեւերին չհամապատասխանող քաղաքացիները սահմանվում են իբրեւ ‘կուլակներ’, ‘հակախորհրդային տարրեր’, ‘ժողովրդի թշնամիներ’ եւ այլն եւ մեկուսացվում հասարակությունից: Այս հիմքի վրա ուղղիչ աշխատանքային հաստատությունները վերակազմավորվում են ճամբարային կոմպլեքսների (1938թ. գործել են 33 նման կոմպլեքսներ), որոնց ղեկավարումը իրականացվում է կենտրոնի կողմից: Սկզբնական շրջանում բանավոր շրջանառվող հիշյալ անվանումները կարճ ժամանակ անց իրենց յուրօրինակ տեղն են գրավում պաշտոնական փաստաթղթերում` անվանելով կամ տարբերակելով մարդկանց եւ երեւույթներ: Ուրեմն, ի՞նչ էին անվանում այս բառերը:

Ըստ մասսայական բռնաճնշումները պաշտոնապես թույլատրած Ներքին գործերի ժողկոմխորհատի 1937թ. հուլիսի 13-ի թիվ 00447 հատուկ հրամանագրի, հակախորհրդային տարրեր են համարվում «նախկին կուլակները, նախկին սպիտակները, նախկին դաշնակցականները, նախկին մուսավաթականները, հայրենադարձները» եւ այլն: Այս սահմանում-հրահանգի յուրահատկությունն այն է, որ այն հնարավոր է դարձնում ներկայից «մաքրել» մարդկանց իրենց նախկին գործունեության համար: Մյուս ուշագրավ պահն այն է, որ սրանք ընդհանրական անվանումներ լինելով` հղում են մարդու սոցիալական վիճակին (ինչպես կուլակի պարագայում) կամ գաղափարական կողմնորոշումներին:

Կուլակ համարվում էր գյուղական ունեւոր խավը: Կուլակ են համարվել նրանք, ովքեր անընդմեջ կերպով օգտագործել են վարձու աշխատանքը, երբ վարձակալության չափը` օրերի թիվը, գերազանցում էր աշխատավորական տնտեսության համար սահմանված վարձու աշխատանքի առավելագույն չափը, ովքեր ունեցել են մեքենայական շարժիչով արդյունաբերական ձեռնարկություն, ովքեր եկամուտ են ստացել աղացից, ովքեր աշխատեցրել են բարդ գյուղատնտեսական մեքենա, ովքեր վարձով են տվել սարքավորված շենքեր, ովքեր կապալով հող են վերցրել` հողատիրոջ համար ստրկացուցիչ պայմաններով եւ ովքեր զբաղվել են վաշխառությամբ: Կուլակային խավի հանդեպ դեռեւս 1920-ական թթ. սկսած կիրառվել է առանձին հարկային քաղաքականություն, որով փորձում էին սահմանափակել նրանց շահագործող գործունեությունը: 1930-ական թթ. ‘կուլակները’ համարվել են վտանգավոր զանգված եւ ենթարկվել առնաձնակի բռնաճշումների` ոչ միայն ունեզրկվել են, այլ նաեւ տեղահանվել եւ ուղարկվել հարկադիր աշխատանքի:

Ավելի բարդ սահմանելի է ‘հակախորհրդային տարրը’: Այս անվանումը տարածվում է սոցիալական բոլոր խավերի եւ գաղափարական կողմնորոշում ունեցողների վրա եւ հղում է մարդու գործունեությանը: Այսպես, ‘հակախորհրդային տարրեր’ համարվում են ինչպես մինչխորհրդային շրջանը այլ քաղաքական հայացքներ ունեցողները, այնպես էլ կյանքի ոչ օրինավոր գործունեությամբ ապրողները, օրինակ` քրեականները: Ի վերջո, առավել ընդհանրական մի անվանում է ‘ժողովրդի թշնամի’-ն, որով մարդը սահմանում է իբրեւ վտանգավոր սուբյեկտ:

Եվ այսպես, հիշյալ անվանումները առանձնացնում եւ անվանում են մարդուն ըստ սոցիալական ծագման կամ գաղափարական կողմնորոշման եւ ըստ գործունեության: Նրանք նկատվում են գործուն սուբյեկտներ, որոնց գործունությունը վտանգավոր է եւ պետք է սահմանափակվի:

Սա պշատոնական լեզվի մասն է: Ինչպես կարելի է հասկանալ բռնադատվածների հարցաքննություններից եւ հետագա իրադարձություններից (բռնադատվածների վարքից` օրինակ), ‘հակախորհրդային տարր’ կամ ‘ժողովրդի թշնամի’ անվանված մարդիկ կամ չեն վերցրել իրենց տրված այդ անվանումը (հարցաքննություններում հրաժարվել են իրենց ներկայացված մեղադրանքներից), կամ վերցնելու դեպքում խելագարվել են աքսորավայրերում (աքսորը վերապրողների վկայությունները բազմաթիվ նման փաստեր են ներկայացնում):

1960-ական թթ. աքսորը վերապրողների վկայություններում եւ գրական գործերում հանդիպում ենք մեկ այլ բառապաշարի, որը գործել է բռնադատվածների շրջանակներում: Ըստ այս վկայությունների, բռնադատվածներն անվանվում են ‘զեկա’ (ЗК, «ЗеКа», «зек»), ընդ որում այս անվանումը գործածում են իրենք իրենց անվանելիս: ‘Գրականության մեջ սակայն այն անվանումն է մի սուբյեկտի, ով զրկված լինելով կյանքի բոլոր պայմաններից եւ դատապարտված լինելով հարկադիր աշխատանքի, ոչ միայն գոյատեւում է, այլեւ կարողանում աշխարհին ասել կյանքի ա՛յս ճշմարտությունը:

Ուշագրավ է բառի ծագումնաբանության պատմությունը: Այն հապավումն է «заключенный каналоармеец»-ի եւ առաջին անգամ գործածվել է Բելամոր-Բալթյան ջրանցքի շինարարության ժամանակ: Իբրեւ հապավում կիրառվել եւ պաշտոնական փաստաթղթերում շրջանառվել է սկսել Գուլագի ղեկավարներից մեկի Լազր Կոգանի կողմից: Ըստ մեկ այլ վարկածի, բառի նախնական ծագումնաբանությունը կապված է այլ մի իրողության հետ: Ռազմական կոմունիզմի շրջանում աշխատավորական բանակների կազմավորման էտապում զինվորագրված աշխատավորին կոչել են зек, որը հապավումն է «заключенный красноармеец»-ի: Եվ քանի որ այս հապավումը կոռեկտ չի եղել Կարմիր բանակի համար, առաջին հնգամյակի պատիվը համարվող ջրանցքի շինարարության ժամանակ փոփոխվել է «заключенный каналоармеец»-ի:

‘Զեկա’-ի գործածության պարագայում ուշագրավն այն է, որ պաշտոնական լեզվում ստեղծված բառը քաղաքացիություն է ստանում բռնադատվածների եւ վերապրողների շրջանակներում, ինչը տեղի չի ունենում ‘կուլակի’, ‘հակախորհրդային տարրի’, ‘ժողովրդի թշնամու’ պարագայում: Բառի այս յուրացումը եւ իմաստային շրջումը ինքնին ուշագրավ իրողություն է:

Վերջում ուզում եմ խոսել այն մասին, որ Գուլագն իբրեւ իրողություն շրջափակված չէ միայն 1930-1950-ական թթ. մեջ: Ինձ համար շատ անակնկալ կերպով մեր առօրյայում հաճախակի գործածվող մի բառի ծագումնաբանություն նույնպես կապված է Գուլագի հետ: Խոսքը ‘տուֆտա’ բառի մասին է: Բառի տարբեր բարդացումները եւ թեքումները` ‘տուֆտում ես’, ‘տուֆտա վիճակ ա’, ‘արա, տուֆտա’, ‘տուֆտ’ գործածում ենք այն իրադրություններում, երբ գործ ենք ունենում պարապության եւ անիմաստության հետ: Այն դարձյալ հապավում է` туфта – техника учета фиктивного труда, որը գործածվել է բռնադատվածների շրջանակներում:

Զեկուցումն ուզում եմ եզրափակել Գուլագի պատմության ուսումնասիրողներից մեկի` Գալինա Իվանովայի ‘տուֆտա’ բառի հետ կապված մի դիտարկմամբ, որը լավագույնս ասում է այն իրադրությունը, որը ստեղծեց Գուլագը իբրեւ ժառանգություն. «Ճամբարային տնտեսությունը միլիոնավոր խորհրդային քաղաքացիների մոտ ձեւավորում է հաստատուն բացասական վերաբերմունք աշխատանքի հանդեպ: Туфта-ն արտադրական գործունեության նորմ է դառնում ոչ միայն Գուլագում, այլ նաեւ դրանից դուրս: Գուլագը խորհրդային հասարակությանը բերեց այն մտքին, որ կարելի է աշխատել` աշխատանքի դիմաց վարձատրություն չստանալով, սովորեցրեց խորհրդային մարդկանց, մասնավորապես գիտնականներին ու մասնագետներին, բավարարվել աղքատ աշխատավարձով եւ աշխատանքի արժանի պայմաններ չպահանջել»:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *