Դանիէլ Վարուժան. գեղագիտական սկզբունքը. Գրիգոր Պըլտեան

Սկզբնական տարիներին Դանիել Վարուժանը սկսնակ, միջակից թույլ բանաստեղծ էր,  և ահա հանկարծ «Սարսուռներ» գրքից հետո գտնում ենք իսկական բանաստեղծի: Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես է կատարվել այդ անցումը՝ ոտանավոր գրողից դեպի իսկական բանաստեղծությունը, ի վերջո, դա առեղծված է, բայց և արդյունք է տևական աշխատանքի՝ իմացական աշխատանքի, ոչ թե միայն զգացումների տաղաչափման: Երբեմն, երբ բանաստեղծություններ ենք կարդում, նույնիսկ՝ «Սարսուռները», տպավորություն է, որ տրամաբանական խոսք է, որ կազմում է հետնաշխարհը կամ հենքը բանաստեղծության:

Երբ կրոնը դադարում է բավարարել մարդկությանը, և նրան  գալիս է փոխարինելու գեղարվեստը՝ նկարչությունը, գրականությունը, ուրեմն գրականությունը պետք է դառնա իսկական բանաստեղծների համար կամ բանաստեղծությունը պետք է գրավի նախկին տեղը կրոնի, հետևաբար ինքը պետք է դառնա կրոն, ինքը պետք է կրի այլևս մարդկությունը:  Ահա սա մենք գտնում ենք Դանիել Վարուժանի մոտ «Վահագն» բանաստեղծության մեջ, երբ աստված, որը գեղագիտական աստված է, կրում է համայնքը, որ ենթակա է ցրվելու:

Վարուժանի մոտ բանաստեղծական հեթանոսությունը կազմակերպվում է իբրև գեղագիտական սկզբունքների մի ամբողջություն՝ ազգային աղետը դիմագրավելու համար բանաստեղծականորեն: Սա է հիմնական սկզբունքը, որի վրա, ըստ իս, հիմնվում է Վարուժանի բանաստեղծությունը: Սրանք էին իմ մտահոգությունները, թե ինչպես կարող է բանաստեղծական հեթանոսությունը գալ իբրև աղետի պաատասխան: Ես փորձել եմ բանաձևել այսպես. բանաստեղծական հեթանոսոթյունը Վարուժանի գործի մեջ զարգանում է աղետի հորիզոնին: Այստեղ կարևոր է հորիզոնի գաղափարը, ոչ թե նրա մեջ, այլ նրա դիմաց, այն նկատի ունենալով իբրև հեռապատկեր, քանի որ հորիզոնը այն է, ինչ մեզ հնարավոր է դարձնում տեսանելիությունը, մի կետ է, որ որոշ չափով երևակայական է՝ իրական լինելով հանդերձ:

Վարուժանը փիլիսոփա չէ,  սիստեմ չունի, և, սակայն, սիստեմ ունենալու դեպքում էլ այն մեզ քիչ կհետաքրքրեր, որովհետև բանաստեղծի վայրը կամ տեղը քերթվածն է՝ բանաստեղծությունը:

Վարուժանն այն բանաստեղծն է, և թերևս միակը, ով միշտ գրել է, աղետի կացության մեջ անգամ շարունակել է գրելը, մեզ չեն հասել այդ քերթվածները, որ շուրջ վեց տետրակ էին: Անշուշտ, մարդ միշտ կարոտում է այն բանը, որ չկա:

«Քերթված և հիշողություն» հոդվածի մեջ մի երկխոսություն կա. բանաստեղծության մեջ բանաստեղծն իր խոսքն ուղղում է մուսային՝ խնդրելով խոսք, (սա ավանդական կառուցվածք է՝ սկսած հին հունական բանաստեղծությունից), և մուսան ի պատասխան՝ դժվարություններն է ներկայացնում՝ ասելով, որ քո քնարը, այսինքն՝ բանաստեղծությունը, կարող է քո դագաղը դառնալ, կարող է քո մահվան պատճառը դառնալ: Բանաստեղծն ասում է՝ տո՛ւր:

Բանաստեղծը պետք է մնա բանաստեղծ, ոչ թե լինի գաղափարախոս կամ զուտ ազգային մտահոգություններ ունեցող մեկը, պետք է լինի ինքզինքը: Երբ նկարիչը միայն նկարիչ է, և նկարչական խնդիրներ է ուզում լուծել աղետի առիթով, աղետի հորիզոնին, իսկ բանաստեղծը, աղետի հորիզոնը նկատի ունենալով, փորձում է բանաստեղծի կամ բանարվեստի հարցեր լուծել, այդ պարագային է միայն, որ գուցե աղետը կարող է դառնալ նվաճելի:

Դիտեք նաև՝

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Կառնուտի դամբարանները․ թաղման ծեսի մասին | Լևոն Աղիկյան

Ինչո՞ւ «Շենգավիթյան մշակույթը» վերանվանվեց «Կուր-Արաքսյանի», ինչո՞ւ է կարևոր դամբարանների ուսումնասիրությունը, ի՞նչ հիմքով են դամբարանները համարվել ընտանեկան,...

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Կոստան Զարեան

Սփիւռք․ Քննական անդրադարձներ | Կոստան Զարեան

Կոստան Զարեանի գրական վաստակն ու մտաւորական գործունէութիւնը մշակութային եւ աշխարհագրական առումներով համաշխարհային ընդարձակութիւն կը դրսեւորեն։ Նարինե...

Քաղգրականություն. «Ինչպես են պետությունները մտածում»

Քաղգրականություն. «Ինչպես են պետությունները մտածում»

🔹 Արդյո՞ք Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի տարածքի վրա կամ Գերմանիայի կողմից ԽՍՀՄ ներխուժումը պայմանավորված էին ռացիոնալ դրդապատճառներով։🔹 Առհասարակ...