[Գլոկալ] Ռուսաստան․ Հասարակություն | Իզաբելլա Սարգսյան

Հայաստանյան հասարակական խոսույթում հաճախ է առաջ քաշվում «ո՞վ ենք մենք» հարցադրումը, մինչդեռ «որտե՞ղ ենք մենք» հարցը կամ շրջանցվում է կամ պատկերվում խիստ աղճատված տարբերակով։ Այնինչ, ինքդ քեզ հասկանալու, քո դերն ու նշանակությունը, ռեսուրսներն ու հնարավորությունները ճիշտ գնահատելու համար չափազանց կարևոր է օբյեկտիվ, միֆերից զերծ պատկերացում ունենալ այն միջավայրի մասին, որում գտնվում ես։

«Գլոկալ Աշխարհ» դասախոսությունների շարքը նպատակ ունի լրացնել այդ բացն ու մեզ շրջապատող աշխարհի, երկրների ու հասարակությունների, համաշխարհային ուժային կենտրոնների մասին հնարավորինս անաչառ պատկեր ներկայացնել։ Դեռևս անցյալ տարի մեկնարկած այս ծրագրի նպատակներից մեկը կոնֆլիկների խաղաղ լուծմանն ու պատերազմի խոսույթի քննադատությանը նպաստելն էր։ Ու թեև, ցավալիորեն, մենք չկարողացանք խուսափել պատերազմ-աղետից, բայց կարծում ենք՝ այս շարքի դասախոսությունները չեն կորցրել իրենց արդիականությունը (եթե հաշվի չառնենք ժամանակագրական սահմանափակումը), քանի որ ետպատերազմական շոկը հաղթահարելու ուղիներից մեկն էլ աշխարհը հնարավորինս օբյեկտիվ դիրքից ճանաչելու մեջ է։ Շարքում ընդգրկված 60 դասախոսությունները, որ վերլուծում են  12 երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային ոլորտներն ու 6 միջազգային կամ վերազգային կազմակերպությունների նպատակներն ու առաքելությունները, կարևոր խթան կարող են լինել աշխարհի մասին մեր պատկերացումները իրապես վերարժևորելու տեսանկյունից։

Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը Խորհրդային Միության իրավահաջորդն է, և անհնարին է խոսել Ռուսաստանի քաղաքացիական հասարակության մասին առանց հասկանալու, թե որտեղից է այն սկիզբ առնում: Ստալինյան բռնաճնշումների տարիներին մտավորականության մեծ շերտեր աքսորվեցին կամ գնդակահարվեցին, սակայն դրա մասին բարձրաձայնվեց միայն Ն. Խռուշյովի հանրահայտ ելույթը: Բռնաճնշումների թեման առայսօր կարևոր է ռուսաստանյան քաղաքացիական հասարակության համար. դրանց հետ կապված հիշատակի վայրերն ու միջոցառումները շարունակաբար կարևոր տեղ են զբաղեցնում հասարակական կյանքում:

60-ական թվականներին մեծ թափ ստացավ սամիզդատը, առհասարակ գրականությունը միշտ մեծ դեր է խաղացել Ռուսաստանի հանրային և քաղաքական կյանքում։ 1965 թ․ հնչողություն ստացան Սինյավսկու ու Դանիելի, այնուհետև Բուկովսկու դատական գործերը, ձևավորվեց այդ և այլ հետապնդումների մասին հետևողականորեն բարձրաձայնող մարդկանց շրջանակ։ Սկսեց լույս տեսնել Хроника текущих событий սամիզդատը, որտեղ հրապարակվում էին քաղաքական դատերի սղագրություններ, հետապնդումների մասին տեղեկություններ և այլն։  

1968 թ․ տեղի ունեցավ Պրահայի գարունը, Խորհրդային զորքի Պրահա մուտք գործելու դեմ Կարմիր հրապարակում տեղի ունեցավ հանրահայտ բողոքի ցույցը, որի մասնակիցներն անմիջապես դրանից հետո խիստ բռնաճնշումների ենթարկվեցին: Այդ մարդկանից շատերը կանգնած էին իրավապաշտպան շարժման ակունքներում և մեծ սիմվոլիկ դերակատարում ունեն ամբողջ խորհրդային տարածքի համար։

Մի այլ կարևոր գործոն էր Մարդու իրավունքների հելսինկյան ակտը, որը ԽՍՀՄ-ն ստորագրեց 1975թ. և փաստորեն ընդունեց մարդու իրավունքները և դրանց կարևորությունը: Ձևավորվեց այն գաղափարը, որ եթե Միությունն ընդունում է այդ ակտը, ապա քաղաքացիները պիտի պահանջեն դրանում ամրագրված իրավունքների և ազատությունների իրագործում: Կարևոր է նաև այն, որ 1976թ. ստեղծվում է Հելսինկյան խումբը, որը գործում է առայսօր, և որի հիմնադիրը ֆիզիկոս Յ. Օրլովն էր, որը Ալիխանյան եղբայրների օգնությամբ այդ շրջանում գտնվում և աշխատում էր Հայաստանում, որտեղ ևս ձևավորվել էր փոքր Հելսինկյան իրավապաշտպան շարժում, որն իր թափով, սակայն, զիջում էր ազգայնական շարժումներին:

1989թ. հիմնադրվեց «Մեմորիալ» կենտրոնը, որի նպատակը եղել է աքսորի և բռնաճնշումների վայրերում հուշարձանների տեղադրումն ու հիշողության պահպանությունը, իսկ 1991թ. այն դարձավ նաև իրավապաշտպան կազմակերպություն: 1989թ. վերակազմակերպվեց Մոսկովյան հելսինկյան խումբը: Անկախության տարիներին Ռուսաստանում բարդ շրջաններ եղան, այդ թվում՝ Չեչնյայի պատերազմները, որոնք դրդեցին նոր տեսակի կազմակերպությունների ստեղծմանը, օրինակ՝ «Солдатские матери» կազմակերպությունը, որն առայսօր զբաղվում է զորակոչիկների իրավունքների հարցերով, կամ «Женщины Дона» կազմակերպությունը, որը 1994թ.-ից զբաղվում էր Չեչնյայում կորած զինվորների հարցերով: «Фонд гражданского содействия» կազմակերպությունը զբաղվում էր միգրանտներին և նրանց երեխաներին աջակցելու հարցերով:

Կարելի է երկար խոսել Ռուսաստանի մասին. այն հսկայական խնդիր է՝ բազմաթիվ խնդիրներով և շերտերով: Կարելի էր խոսել Չեչնյայի և Ինգուշետիայի և այնտեղ աշխատած իրավաբանների մասին, Խաբարովսկի իրադարձությունների, Ռուսատանի բարեգործության և կորպորատիվ պատասխանատվության մասին: Վերջին շրջանի միտումները ցույց են տալիս, որ մտավորականությունը, գիտնականները, համալսարանական որոշ շրջանակներ որոշեցին, որ պետք է օգտվել եղած հնարավորություններից. ոչ միայն դուրս գալ առճակատման, այլև մուտք գործել պետական և տեղային կառավարման տարբեր ինստիտուտներ և ներսից ձայն բարձրացնել:

Դիտեք նաև՝

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

Քաղաքի հիշողություն․ Ֆիրդուս | Անդրեյ Իվանով

🔹Ինչո՞ւ է Ֆիրդուսի վերակառուցման նախագիծը խնդրահարույց։🔹Ի՞նչ ներուժ ունի Ֆիրդուսը Երևանի համար։ «Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում ուրբանիստ Անդրեյ...

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

Ստամբուլյան կոնվենցիան ի ցույց | Գենդերային կարծրատիպերը Հայաստանում

🔹Ի՞նչ է գենդերը, և ի՞նչ է գենդերային խտրականությունը։🔹Ինչո՞ւ է «գենդեր» բառը բացասաբար ընդունվում հայ հասարակությունում։🔹Ի՞նչ գենդերային...

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

#5 ԴիզԲիզ | Սննդի անվտանգություն

🔹Ինչքա՞ն հաճախ է ապատեղեկատվությունը լինում միտումնավոր սննդի անվտանգության ոլորտում։🔹Իրազեկման ի՞նչ գործիքներ ունի տեսչական այս մարմինը, և արդյո՞ք...