Հայրենադարձությունը խորհրդային իրականության փորձաքար. Տիգրան Պասկևիչյան

Հայրենադարձությունը խորհրդային իրականության փորձաքար. Տիգրան Պասկևիչյան

Որեւէ երկրի քաղաքական, տնտեսական կարգերը գնահատելիս շատ կարեւոր են ներգաղթի եւ արտագաղթի ցուցանիշերը։ Այսինքն՝ եթե շատ մարդ է մտնում երկիր, դա խոսում է քաղաքական եւ տնտեսական գրավչության, ձգողականության մասին։ Եւ հակառակը՝ եթե մարդիկ հեռանում են, նշանակում է կյանքի բավարար պայմաններ չկան։

Այս տեսակետից հետաքրքիր կլինի դիտարկել Խորհրդային Հայաստանի պատմությունը։ Ասելով Խորհրդային Հայաստան, նկատի ունեմ ոչ միայն աշխարհագրական տարածքը, այլեւ հասարակարգն ու իրականությունը։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1920-90 թվականներին, դեպի Հայաստան եղել է երեք ներգաղթ։ 1921-36-ին Հայաստանն ընդունել է ավելի քան 40 հազար հայերի։ 1946-49-ին՝ 95 հազար։ 1962-80-ին, ոչ լրիվ ճշտված տվյալներով՝ եւս 40 հազար։ Ուրեմն՝ 70-ամյա պատմության ընթացքում Խորհրդային Հայաստանն ընդունել է շուրջ 175 հազար ներգաղթող։ Պետք է խոստովանել, որ մարդկային ներուժի այս հոսքերը բավական տպավորիչ են։

Վիճակագրական տվյալներին ծանոթանալիս կարելի է արձանագրել, որ խորհրդային իրականությունը գրավչություն է ունեցել եւ հազարավոր մարդկանց ստիպել է թողնել բնակության նախկին վայրերն ու ներգաղթել Հայաստան։ Բայց չպետք է մոռանալ, որ 70-ամյա պատմության առնվազն 50 տարվա ընթացքում արտագաղթելու հնարավորությունը եղել է բացառված։

Միգրացիա երեւույթի, որը ներառում է ե՛ւ ներգաղթը, ե՛ւ արտագաղթը, դասական ձեւակերպումը լավ կյանքի որոնումն է։ Բառացիորեն այսպես. «Մարդկանց, խմբերի տեղաշարժ դեպի նոր տարածքներ, երկրներ աշխատանք եւ կյանքի ավելի լավ պայմաններ գտնելու համար»։ Այսինքն՝ միգրացիայի շարժիչն՝ ըստ այս ձեւակերպման, ընտրությունն է՝ համեմատելը եւ տարբերությունն զգալը։ Այս իմաստով դեպի Հայաստան երեք ներգաղթներն էլ չեն համապատասխանում դասական ձեւակերպմանը։

Ասվածը փաստելու համար փորձենք առանձնացնել երկրորդ ներգաղթը, որ հայտնի է որպես Մեծ հայրենադարձություն, քանի որ դրանում շատ պարզ երեւում է սեփական կամքով ընտրություն կատարելու եւ քարոզչական պարտադրանքի ենթակա լինելու տարբերությունը։

1945-ի գարնանը, երբ 2-րդ աշխարհամարտը դեռ չէր ավարտվել, բայց ակնհայտ էր, որ ԽՍՀՄ-ը հաղթում է, Հայաստանի ղեկավարությունը դիմում-նամակներով փորձում էր համոզել կենտրոնական իշխանությանն, ավելի ճիշտ՝ Ի.Վ. Ստալինին, կազմակերպել հայերի ներգաղթ։

Մոսկվան՝ ոգեւորված պատերազմի հաղթանակներով, ցանկություն ուներ ծավալվել դեպի Թուրքիա եւ Իրան։ Հայաստանին պետք է միացվեին Կարս-Արդահանի գավառները։ Եւ որպեսզի դա չհամարվեր ագրեսիա, ԽՍՀՄ դիվանագիտությունն առաջխաղացման այդ ցանկությունը փորձում էր ներկայացնել որպես 1-ին աշխարհամարտի ընթացքում հայության կրած վնասների փոխահատուցման ակտ։ Պոտսդամի կոնֆերանսում ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Մոլոտովը դաշնակից պետությունների ԱԳ նախարարներին համոզում էր, որ աշխարհով մեկ սփռված հայությանն ի մի բերելու համար անհրաժեշտ է տարածքային վերաձեւումներ անել։

ԽՍՀՄ այդ ծրագիրը, բնականաբար, ձախողվեց. դաշնակից հավանություն չտվեցին, իսկ 1945-ին Ճապոնիայի Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքներին ուղղված ատոմային հարվածներով հավասարակշռությունը խախտվեց։ Միացյալ Նահանգները հավասարների մեջ դարձան առաջինը։ Ավելի ուշ՝ 1947-ին Թրումենյան դոկտրինով Թուրքիան կհայտնվի ԱՄՆ հովանու ներքո եւ կավարտվի «հայոց արդարությունը» վերականգնելու գործընթացը։

1945-ի նոյեմբերի 21-ին, երբ Ստալինը ստորագրում էր հայերի ներգաղթն արտոնելու հրամանագիրն, արդեն պարզ էր, որ հողերը չեն միացվելու։ Ստալինը ոգեւորված չէր ներգաղթով, որովհետեւ գիտեր, որ երկիրը սոցիալ-տնտեսական լուրջ դժվարություններ ունի եւ զանգվածային հոսք ընդունելու ունակ չէ։ Բայց Հայաստանի իշխանությունները պնդում էին՝ հույս ունենալով հընթացս լուծել մի շարք հարցեր, այդ թվում՝ նաեւ Ղարաբաղի խնդիրը։

Կարդալ զեկույցն ամբողջությամբ կարող եք այստեղ՝ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔԱՐ. Տիգրան Պասկևիչյան

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *