Ձեռքերի բնածին տարբերություններ (արատներ). Դավիթ Աբրահամյան

Ձեռքերի բնածին տարբերություններ (արատներ). Դավիթ Աբրահամյան

Ընդհանրապես տարածված է այն կարծիքը, իբր ձեռքերի բնածին տարբերությունները փոխանցվում են ժառանգաբար: Սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ: Պարզվել է, որ ձեռքերի բնածին տարբերությունների միայն 20%-ն է փոխանցվում ժառանգաբար, և զույգը հաջորդ բալիկին պլանավորելուց առաջ պետք է դիմի բժիշկ-գենետիկի խորհրդատվության: Ժառանգական դեպքերում հաճախ այս բնածին խնդրի առկայությունը շատ մեծ շոկի և անակնկալի չի բերում ծնողներին: Լինում են դեպքեր, երբ հայրը հպարտորեն հայտարարում է, որ ինչ-որ տեղ նույնիսկ ուրախ է, որ իր որդու մոտ էլ է առկա նույնանման տարբերություն, քանի որ այդպես նա 100%-ով վստահ է, որ դա հենց իր որդին է…

Ձեռքերի բնածին տարբերությունների մյուս 20%-ը զարգանում է հղիության 4-8-րդ շաբաթներում պտղի վրա տարբեր վնասակար ազդակների ներգործության հետևանքով, օրինակ, վիրուսային հիվանդություններ (ջրծաղիկ, կարմրուկ), ռենտգենյան ճառագայթում, որոշակի դեղորայք, թմրամիջոցներ, ալկոհոլ և այլն: Մոր մեծ տարիքը նույնպես հանդիսա-նում է ռիսկի գործոն: Ինչո՞ւ շեշտեցի հղիության այդ շրջանը: Քանի որ վերին վերջույթները ձևավորվում են հղիության հենց 4-8-րդ շաբաթներում և շատ զգայուն են լինում տարբեր ախտածին ազդակների նկատմամբ: Ուստի շատ կարևոր է հղիության պլանավորումը և վաղաժամ հայտնաբերումը: Բացի այդ ցանկանում եմ կոչ անել մեր ապագա հայրիկներին, որպեսզի հղիությունը պլանավորելուց առնվազն 3 ամիս առաջ թողնեն ծխելը, խմելը և առավել ևս որևէ թմրամիջոց օգտագործելը, քանի որ դրանք ևս ռիսկի գործոն են հանդիսանում Ձեր ապագա երեխայի համար:

Մնացած 60% դեպքերում ձեռքերի բնածին տարբերությունները չեն կրում ժառանգական բնույթ, պատճառը մնում է անհայտ, և հաջորդ բալիկի մոտ համանման խնդրի ի հայտ գալը գրեթե բացառվում է: Տվյալ դեպքում զույգը հանգիստ կարող է պլանավորել հերթական հղիությունը: Օրինակ, լինում են դեպքեր, երբ միաձվանի երկվորյակներից մեկի մոտ առկա է լինում ձեռքի բնածին տարբերություն, իսկ մյուսի մոտ՝ ոչ:

Ի՞նչ անել:

Ձեռքի բնածին տարբերությունը մեծ մասամբ նկատվում է ծնվելուց հետո առաջին օրերին, և ծնողների առաջին պատասխանը լինում է շոկը, մեղքի զգացումը և ինչ-որ տեղ բարկությունն ու հիասթափությունը: Եվ դա բնական է: Չէ՞ որ մենք երազում ենք ունենալ բոլոր իմաստներով «իդեալական» երեխա: Հաճախ դա ծնողների մոտ հանգեցնում է լուրջ հոգեբանական խնդիրների և ընտանեկան ընդհարումների, երբեմն նույնիսկ բաժանման: Այնինչ նորածինը չի հասկանում, որ ինքը տարբեր է ծնվել: Հաճախ նա իր կարիքներով ու պահվածքով ոչնչով չի տարբերվում ցանկացած այլ նորածնից: Նա որևէ ցավ չի ունենում և սովորում է կատարել գործողություններն իր ունեցածով՝ իր տարբերվող ձեռքով: Եվ այսպես, սկզբում ձեռքի բնածին տարբերությունը լինում է ոչ թե երեխայի, այլ ծնողների խնդիրը, ինչի կապակցությամբ նրանք պետք է դիմեն ոչ միայն ձեռքի վիրաբույժի, այլ նաև հոգեբանի օգնությանը: Կարելի է ասել, որ սկզբնական շրջանում պետք է «բուժել» ոչ թե երեխային, այլ ծնողներին: Ծնողները չպետք է փորձեն ամեն կերպ թաքցնել երեխայի տարբերվող ձեռքը, այլ ընդհակառակը, պետք է երեխային սովորեցնեն, որպեսզի բակում, մանկապարտեզում, դպրոցում և այլուր առաջինն ինքը մեկնի այդ տարբերվող ձեռքն իր հասակակիցներին ու դասատուներին, նշելով, որ. «Տեսե՛ք, իմ այս ձեռքը տարբերվում է ձերի¬նից, բայց դա ամենևին ցավոտ չէ և ես իմ ձեռքերով կարող եմ անել գրեթե այն ամենն, ինչ դուք կարող եք անել, պարզապես մի փոքր տարբեր ձևով»: Երեխան դա ավելի շատ անելու է շրջապատի, հասա¬րակության համար, որպեսզի վերջինս շոկի մեջ չընկնի, անտեղի կոպիտ վերաբերմունք կամ խղճմտանք չցուցաբերի տարբերվող երեխայի հանդեպ:

Մանրակրկիտ օրթոպեդիկ զննումից բացի նորածինը պետք է ենթարկվի նաև ընդհանուր բուժզնն¬ման՝ ներքին օրգանների (սիրտ, երիկամներ և այլն) ուղեկցող արատները բացառելու համար:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

1 Մեկնաբանություն

  1. Հասմիկ Հակոբյան

    Ողջունելի է ,որ բժիշկները այնքան բանիմաց են,որ կարողանում են մանրամաս ներկայացնել խնդրի թե ֆիզիոլոգիական և թե հոգեբանական կողմը: Շնորհակալություն  Ձեզ Դավիթ Աբրահամյան ,որ անաչառորեն եք վերաբերվում Ձեր մասնագիտությանը:

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *