Մշակութային կապիտալ. Աղասի Թադևոսյան

Մշակութային կապիտալ. Աղասի Թադևոսյան

Ֆրանսիացի մշակութաբան, փիլիսոփա, սոցիոլոգ Պիեր Բուրդյեն առանձնացնում է կապիտալի երեք տեսակ. մշակութային, տնտեսական և սոցիալական կապիտալ: Տնտեսական կապիտալն այն տեսակն է, որը նյութական արժեքի տեսք ունի, կարելի է շրջանառության մեջ դնել և եկամուտ ստանալ:

Կապիտալի մյուս կարևոր ձևերից մեկը սոցիալական կապիտալն է. սա կապիտալի այն ձևն է, երբ մարդիկ կյանքի ընթացքում ձևավորում են որոշակի կապեր այլ մարդկանց հետ, որոնց միջոցով փորձում են ռեալիզացնել իրենց գործերը: Հաճախ իր սոցիալական այդ կապերը ճիշտ կազմակերպելու և դրանք հաջողությամբ շրջանառության մեջ դնելու արդյունքում մարդը կարողանում է ձևավորել նոր կապեր, որոնք նպաստում են նրա հասարակական կարգավիճակի բարձրացմանը: Սա հնարավորություն է տալիս մարդուն նաև որոշակի իշխանություն ձեռք բերել:

 

Պիեր Բուրդյո

Պիեր Բուրդյո

 

Կապիտալի երրորդ տեսակը մշակութայինն է. սա մարդու ունեցած ամենաառանցքային հարստություններից մեկն է, որը հնարավոր է շրջանառության մեջ դնել և ստանալ «եկամուտ»: Կապիտալի այս տեսակը կապվում է մարդու ունակությունների հետ, որը նա ունի ծնված օրվանից կամ ձևավորել է ամբողջ կյանքի ընթացքում տարբեր միջավայրերում ձեռք բերած փորձի միջոցով: Սա մարդու «մարմնի» մեջ կուտակված արժեքների համագումարն է:

Մշակութային կապիտալն իր հերթին բաժանվում է երեք տեսակների: Առաջինը մշակութային կապիտալի մարմնավորված տեսակն է: Եթե սոցիալական կամ նյութական կապիտալը որևէ կերպ փոխանցելի է, ապա մշակութային կապիտալ ձեռք բերելու համար մարդ պետք է անընդհատ աշխատանք տանի սեփական անձի և ունակությունների վրա:

Երկրորդը այդ մշակութային կապիտալի առարկայնացված տեսակն է: Այս դեպքում մարդը փորձում է հանրայնացնել իր անհատական մակարդակում կուտակված կապիտալի արդյունքը: Նա ստեղծում է որևէ նյութական արժեք, որն արդեն հնարավոր է փոխանակել կապիտալի այլ տեսակների հետ և ունենալ առարկայական եկամուտ:

14510-149460-1-PB

…Սակայն խնդիրն այստեղ այն է, որ մարդուն սկսում են դիտարկել ոչ թե որպես նպատակ, այլ՝ միջոց: Մարդը վերածվում է տնտեսական կապիտալի վերարտադրումն ապահովող միջոցի: Այս դեպքում մենք կորցնում ենք մարդու արժեքը: Բայց երբ մարդուն դադարում ենք դիտել որպես օբյեկտ, այլ՝ սուբյեկտ, արդեն գործ ենք ունենում մշակութային կապիտալի հետ: Ինչու՞ եմ սա կարևորում, որովհետև տեսնում են, որ այսօր Հայաստանում ավելի շատ հակվածություն կա մարդուն օգտագործել իր կարողություններով (վճարելով դրա դիմաց), բայց չկարևորել մարդու մասնակցությունն ընդհանրապես արժեքների ձևավորման և վերարտադրման գործընթացներում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

5 Մեկնաբանություն

  1. բուն իմաստով`ոչ ոք

    Սոցիալական կապիտալի բնորոշումը և (հատկապես) սահմանւմը սխալ են: Մշակութային կապիտալինը` թերի: 

    1. Բուն TV

      Հարգելի, բուն իմաստով՝ ոչ ոք, մենք ողջունում ենք բանախոսների միջև քննադատական կեցվածքը, ու խնդրում ենք ձեզ, եթե ներկայացվող նյութին այլ գիտական մոտեցում ունեք, կարող եք ներկայանալ, կապ հաստատել մեզ հետ ու նույն թեմայի շուրջ խոսել՝ այլ տեսանկյունից:

      Շնորհակալություն արձագանքի համար

  2. Practice

    Հարգելի Բուն TV, 

    Շնորհակալություն նման գիտական լուրջ թեմաներին անդրադառնալու համար: Սակայն կցանկանայի Ձեր ուշադրությունը սևեռել մի քանի կետերի վրա` ինչպես բովանդակային, այնպես էլ ձևային: Կան վրիպումներ և տառասխալներ (օրինակ` արժեքի արժեքի տեսք ունի կամ ձրավորել նոր կապեր), որոնք էական նշանակություն կարող են չունենալ ոչ հանրային կամ ոչ գիտական բլոգային հրապարակումներում: Երկրորդ, կան հատվածներ, որոնք արտացոլում են տիպիկ սովետական գրականության միտքը, մասնավորապես` «Սա հնարավորություն է տալիս մարդուն նաև որոշակի իշխանություն ձեռք բերել»: Նկատի ունեմ, որ նման անորոշ մտքերը ոչինչ չեն ասում գիտական աշխարհում: Պետք է այդ որոշակին մի քիչ էլ որոշակիացնել:
    Հաջորդը վերաբերում է նկարներին, նախ հեղինակը նշված չէ, և հետո, նման նկարներ ընտրելիս կամ ստեղծելիս պետք է նաև հաշվի առնել այլ հանգամանքները, մասնավորապես Բուրդյոյի մոտ առկա է կապիտալների հիերարխիա:
    Խոսելով կապիտալի մասին` պետք է անդրադառնալ, թեկուզ հպանցիկ, այնպիսի կենտրոնական հայեցակարգերի, որոնք են սոցիալական դաշտերը, հաբիթուսը և այլն, որոնք իմաստավորում և իմաստավորվում են հենց այդ կապիտալներով: Եվ իհարկե, բերված օրինակները, մեղմ ասած, վերլուծական առումով այդքան էլ ուժեղ չեն: Քանզի խոսել օբյեկտ-սուբյեկտ հարաբերությունների մասին, պետք է հիշել, որ այս տեսական հայեցկարգերում կարևոր են թե ագենտները և թե կառուցվածքները: Այսինքն` պետք է հաշվի առնել այն ագենտներին և անհատական գործողությունները, որոնք ստեղծում են պրակտիկաներ, ինչպես նաև այն կառուցվածքները, որոնք հնարավոր են դարձնում կամ աջակցում են այդ ագենտներին և գործողություններին:

    Հաջողություններով, 
    Հ.

    1. ironic

      Վերջին շրջանում նկատվում է միտում՝ սխալ օգտագործելու «հայեցակարգ» բառը, ինչպես այս մեկնաբանության մեջ: Ըստ երևույթին, պատճառը ռուսերեն концепция և անգլերեն concept (conception) բառերի իմաստների տարբերության անտեսումն է: Կարծեմ, հայեցակարգը ռուսերեն բառի թարգմանությունն է և կարող է օգտագործվել, օրինակ, այսպիսի արտահայտության մեջ. «Հայաստանի տնտեսության զարգացման հայեցակարգ», իսկ անգլերեն բառը արդեն ընդունված է թարգմանել «հղացք» կամ էլ պարզապես «հասկացություն»: Ըստ այդմ՝ դաշտը, մշակութային կապիտալը. հաբիտուսը հղացքներ կամ հասկացություններ են, այլ ոչ թե հայեցակարգեր:

      1. Silence: sometimes it help

        Կարծում եմ՝ հասկացությունը հենց հասկացությունն է, իսկ անգլերենի concept  բառի կիրարկումը այս պարագայում տեղին է՝ հենց հայեցակարգ թարգմանելով։ Եթե դրանք ընկալվում են պարզապես հասկացություններ, ապա կարելի է այս մեկնաբանությունն ընդհանրապես չկարդալ։ Դաշտը, մշակութային կապիտալը, հաբիթուսը չեն կարող, ինչպես նշված է վերևում, պարզապես հղացքներ դիտարկվել կամ մեկնաբանվել, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են առաջին հերթին վերլուծական շրջանակներ։ Իսկ որևէ եզրույթի ընդունված կամ չընդունված լինելու հարցը ենթադրում է մի շարք այլ հարցերի լուրջ և խորը ուսումնասիրություն, ասենք, թե ում և ինչ գիտական հանրույթի կողմից է ընդունված կամ չընդունված։

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *