օր 4. Բանավոր պատմություն. տեսություն և մեթոդաբանություն. Գայանե Շագոյան

օր 4. Բանավոր պատմություն. տեսություն և մեթոդաբանություն. Գայանե Շագոյան

Գաղափարը եւ ծրագիրը

Այս խորագրի տակ սկսում եմ մի նոր ծրագիր: Ծրագրի նպատակն է կազմակերպել կարճաժամկետ դասախոսությունների ու սեմինարների շարք, որը մեր հասարակության, բայց մանավանդ նոր սերնդի համար ասպարեզ կստեղծի մտածելու հասարակական եւ հումանիտար գիտությունների այն հիմնահարցերի մասին, որոնք առնչվում են անհատ-հասարակական կյանք-պետություն կապերին։ Ծրագիրը կիրառվելու է Հայաստանում։

Հայաստանում ունենք փայլուն եւ ուսյալ նոր սերունդ, սակայն վստահ չեմ, թե այդ ուսումը քաջալերում է մեր պատմության ու մտածելակերպերի նկատմամբ բավականաչափ քննական մոտեցումը, որը տարբերվում է քննադատական ոճից։ Մեր հրապարակային քննարկումները ցույց կտան քննական մոտեցման պակասը։ Այս ծրագրի նպատակն է համեստ մասնակցություն բերել այդ պակասի լրացմանը։

Հաճախ խնդրո առարկա են ոչ թե պատասխանները, այլ՝ հարցումները։ Այս ծրագիրը հիմնված է հետեւյալ դրույթի վրա. սխալ հարցումը չի կարող ճիշտ կամ օգտակար պատասխան ունենալ, իսկ ճիշտ հարցման սխալ պատասխանը նույնիսկ կարող է օգտակար լինել։

Կարճաժամկետ ասելով նկատի ունենք 3-8 շաբաթ տեւողությամբ հանդիպումների շարք, տարին` երկու անգամ (որպես սկիզբ)։ Յուրաքանչյուր շարք կունենա իր թեման։ Ամեն մի թեմայի համար տրամադրված յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում կներկայացվի 2 հրապարակային դասախոսություն (շաբաթվա ընթացքում՝ երեկոները) ու 1 սեմինար (շաբաթ` կեսօրից հետո)։ Այսինքն` մի թեմա, որին կտրամադրվի 4 շաբաթ՝ կներկայացվի 8 դասախոսություն 4 սեմինարով։ Դասախոսությունները բաց կլինեն բոլորի համար։ Սեմինարները կսահմանափակվեն առավելագույնը 15 մասնակցով, ովքեր պետք է պատրաստ լինեն կատարելու մինչեւ 40 էջ ընթերցում` նախքան յուրաքանչյուր սեմինար-հանդիպումը, որպեսզի կարողանան մասնակցել սեմինարի հիմքում դրված քննարկումներին։

Դասախոսությունները կտեւեն 35-45 րոպե, որին կհետեւի հարցուպատասխան` մինչեւ 45 րոպե: Շաբաթական սեմինարները կտեւեն երկուսուկես ժամ: Սեմինարների ընթացքում դասախոսություն չի նախատեսվում, այլ միայն քննարկում։ Երկու պարագայում էլ ունկնդիրներն ու մասնակիցները զերծ են ֆինանսական որեւէ պարտավորությունից։ Այսինքն` մասնակցության համար վճարման որեւէ խնդիր չկա։

Դասախոսները լինելու են իրենց «արհեստի» մասին մտածող գիտնականներ` մեծ մասամբ Հայաստանից` հայտնի կամ ոչ:

Ազատ Ֆորումը որեւէ ձեւով կապված չէ որեւէ պետության, դեսպանատան, նախարարության, ԲՈՒՀ-ի, ակադեմիայի, ինստիտուտի կամ կազմակերպության հետ։ Ազատ Ֆորումը հիմնովին ու ամբողջապես անհատական նախաձեռնություն է` նվազագույն ծախսերով, առանց բյուրոկրատիայի, առանց վկայականների կամ վկայագրերի, առանց որեւէ խոստումի։

Այս ծրագրի մասին մտածել եմ վերջին մի քանի տարիներին ու ընթացքում հասցրել այլոց հետ խորհրդակցել։ Սա մի ծրագիր է, որի իրագործումը Միչիգանի համալսարանում իմ պաշտոնը կամավոր թողնելու պատճառներից մեկն էր:

Ժիրայր Լիպարիտյան
Քեմբրիջ, Մասաչուսեթս
Հունվար 26, 2014

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *