35. Ասասիններ. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

35. Ասասիններ. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

Ասասինների անվան շուրջ բազմաթիվ լեգենդներ և հեքիաթներ են պտտվում, և երբեմն դժվար է իրական պատկերը հասկանալ: Նրանց հանդեպ հետաքրքրությունն առաջանում է եվրոպական ռոմանտիկ գրականության մեջ՝ խաչակրաց արշավանքների հանդեպ ուշադրության հետ մեկտեղ: Ասասինի՝ որպես իր նպատակի համար մինչև մահը գնացող, անվախ, վտանգավոր մի կերպարի շուրջ ստեղծված լեգենդները ամրապնդվում են նաև ժամանակակից համատեքստում՝ համակարգչային խաղերով և իսլամական ահաբեկչության շուրջ պատկերացումներով:

Հասան իբն-Սաբբահն ծնվել և մեծացել էր իսմայիլի քարոզիչներով լի քաղաքում,և միջավայրն ազդեց երեխայի ձևավորման վրա. լեգենդին համաձայն, ծանր հիվանդությունից հետո իբն-Սաբբահն իսմայիլիականություն է ընդունում: Դառնալով քարոզիչ՝ իբն-Սաբբահը որոշում է կտրուկ քայլերի դիմել և քարոզների միջոցով տիրում է Ալամուտ անառիկ ամրոցին: Ամրոցներ գրավելով և կառուցելով՝ իսմայիլիները հսկայական ցանց են ստեղծում: Աստիճանաբար Հասան իբն-Սաբբահը սկսում է հատուկ մարդկանց պատրաստել, որոնք պիտի վերացնեին իսմայիլիների համար վտանգավոր հատուկ մարդկանց: Պարսկական գործիչ Նիզամ ալ-Մուլքը պատերազմ է հայտարարում իսմայիլիներին, և Հասան իբն-Սաբբահի հանձնարարությամբ մի քանի կամավորներ (ֆիդեյիներ) սպանում են ալ-Մուլքին: Այդ իրադարձության հետ է կապվում սպանության համար պատասխանատվության մասին հայտարարելու սկզբունքը:

Հասան իբն-Սաբբահը հայտարարում է, որ խորհրդակցում է Գաղտնի իմամի հետ: Նրան սկսում են Լեռան ծերունի կոչել, և նրա անվան հետ կապված բազմաթիվ լեգենդներ են սկսում պտտվել: Այդ ժամանակ է առաջանում «ասասին» կոչումը, որն, ըստ ավանդության, կապված է հաշիշի կիրառությամբ ծեսերի հետ: Ասասինների միաբանության անդամ դառնալու համար նորեկները օրերով սպասում էին ամրոցի դարպասների մոտ, այնուհետ ներս էին անցնում և անցնում բազմաթիվ փորձություններով, որպեսզի հնազանդ և ենթարկվող դառնա:

Լեռան ծերունին աստիճանաբար չափազանց կասկածամիտ է դառնում, և իր կասկածամտությունը սկսում է նաև մտերիմներին վերաբերել: Նրա մահից հետո չորս հոգանոց խումբ է ձևավորվում, որի ներսում անվստահություն է տիրում: Բացարձակ հեղինակության բացակայության պայմաններում չորսից մեկը իշխանությունն իր ձեռքն է վերցնում, իսկ այնուհետև ղեկավարումը ժառանգականորեն է սկսում փոխանցվել:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *