Արթուր Գրիգորյան, Վահագն Խաչատրյան. Ֆինանսների անհամաչափ բաշխում և հասարակության բևեռացում

Արթուր Գրիգորյան, Վահագն Խաչատրյան. Ֆինանսների անհամաչափ բաշխում և հասարակության բևեռացում

Օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների մեծ մասի եկամուտները կասկածելի և վտանգավոր են.դրանք նարկոտիկ, զենք, տեռորիզմ սպասարկող հաշիվներ են եղել, որն առիթ է դարձել օֆշորների դեմ պայքար ծավալելու: Սա, սակայն, կապիտալիզմի հետ կապ չունի, սովետական միության ժամանակ էլ՝ որպես սոցիալիստական երկիր, նման հաշիվներ կային, և դրանք օֆշորային գոտիներում չէին գրանցված, այլ այլ տեղերում: Բայց դա հիմա էական չի: Խնդիրն այն է, որ մեր երկրում պրոբլեմներն առաջանում են ոչ թե կապիտալիզմ կամ սոցիալիզմի հետ կապված խնդիր ունենալու, այլ, որ ամենակարևորն է, օրենքը չի աշխատում, որովհետև կապիտալիզմ նշանակում է օրենքի գերակայություն: Սա ամենակարևոր չափանիշներից մեկն է, որ պետք է ընդունել որպես աքսիոմա: Եվ այս շրջանակներում պետք է փորձել գնահատական տալ համակարգի աշխատել-չաշխատելուն: Մեզ մոտ օրենքը չի աշխատում, հետևաբար ինձ համար այդ համակարգը չկա, իսկ դրա հետևանքներն էլ աղքատությունն ու բևեռացումն են, ինչին առնչվում ենք մենք: 

Աղքատությունը տեսնում եմ որպես հետևանք, բայց հիմա այն նաև խնդիր է, որի դեմ պետք չի պայքարել՝ ուղղակի հայտարարելով, որ մենք պայքարում ենք աղքատության դեմ: Պարզապես պետք է տնտեսությունը զարգացնել, որովհետև եթե աղքատության դեմ պայքարելով 45%-ը դառնում է 32%, դա զուտ տեխնիկական հնարք է, մեթոդաբանությունը կարելի է փոխել, սպառողական զամբյուղը մի քիչ քչացնել, և կստացվի, որ մարդիկ քսանհինգ նույն անվանատեսակ ապրանքն են սպառում, դրա մեջ մեկը հանել, մյուսը մտցնել, թանկարժեքը փոխարինել էժանով, սպառողական զամբյուղը կնվազի, և պարզ է, որ մեզ մոտ, ոչ թե 45% կլինի աղքատությունը, այլ 32, բայց իրական կյանքում ոչինչ չփոխվեց: Դա պետք է արվի, ոչ թե նման մեխանիկական ձևերով, այլ աշխատատեղերի խնդիրը լուծելով:

Թեղուտում հանքի շահագործման համար 1200 բնակչից վերցվել է իր հողը, իսկ գյուղական միջավայրում մասնավորեցված հողի առկայությունը նշանակում է աշխատատեղ. մարդը չի ստանում գործազրկության նպաստ, եթե ինքը ունի հող: Այժմ 1200 հոգու աշխատատեղից զրկել են՝ փոխարենը ստեղծելով մոտ 400 աշխատող, և ասում է, որ աշխատատեղ է ստեղծել, մինչդեռ աշխատատեղը կրճատել է: Եվ համաշխարհային բանկերն ու մնացած կառույցները, որոնք գործնականում սպասարկում են տվյալ մասնավոր սպեկտրին՝ բիզնես միջավայրին, բիզնես միջավայր զարգացման անվան տակ, իրականում զրկում են աշխատատեղից այն մարդկանց, ովքեր պետք է աշխատեին այդ վայրերում, հնարավորություն են ընձեռում, որպեսզի ինչ-որ մի մասնավոր ընկերություն գա ու ստանա գերշահույթ այն մարդկանց փոխարեն, ովքեր կարող էին համաչափ զարգանալ: Որոշ ժամանակ անց այս մարդիկ պոտենցիալ արտագաղթողներ են լինելու, որովհետև իրենք կտրվել են իրենց բնական միջավայրից՝ բնական աշխատավայրի մոդելից՝ դառնալով հանքափոր, վաղը հանքահումքը վերջանալու է, տարածքը փակվելու է, իրենք այլևս անելու ոչինչ չեն ունենա, այդ հողը անպետք է լինելու գործի համար:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *