Արփի Ոսկանյան. Խանդի տեսարան

Արփի Ոսկանյան. Խանդի տեսարան

Դռան անակնկալ զանգից
մահացու անակնկալված՝սիրեկանիս թաքցրի պահարանում՝
պատվիրելով ոչ մի դեպքում,
ոչ մի պատրվակով
դուրս չգալ,
չշարժվել,
չփռշտալ ,
չշնչել:
Գրիչն առա ու
նստեցի գրասեղանի առջև՝
հնարավորինս անմեղսունակ արտահայտություն
հաղորդելով դեմքիս:
Վայրկյանների ընթացքում թուղթը զարդարած
կուսական բառերի գողտրիկ մարգարտաշարը
համոզեց ինձ, որ դեռ
երկար կարող եմ ապավինել
սեփական անմեղության
կանխավարկածին:
Բայց դռան չդադարող զանգը
ծանր հարված էր հասցնում
ստեղծագործ մտքիս՝
շեղելով այն բնականոն հունից.
անընդհատ փորձում
ու չէի կարողանում կռանել,
թե ով է,
որ մատը դրել է կոճակին
ու էշի համառությամբ
չի հեռացնում:
Դա կարող էր լինել
ինչպես հեռավոր ազգականս,
մոլագար փեսացուս,
լույսի մարդը,
Եհովայի վկան,
այնպես էլ հարազատ մահս:
Բայց իրականությունն, ինչպես միշտ,
ավելի դաժան գտնվեց,
որովհետև
էշի համառություն ցուցաբերողը
ես էի,
որ նաև ունեի բանալի
ու կարող էի բացել դուռը,
իսկ ինձ հո չե՞մ խաբի
դեմքի արտահայտությամբ,
սիրուն բանաստեղծությամբ
ու նման բաներով:
Բուռս հավաքեցի
հապշտապ վրաս գցած խալաթի
օձիքը,
ձգեցի,
դեմ տվի ինձ պատին՝
հարցնելով «այսօր աղոթե՞լ ես»:
Ապա հաստատուն,
վճռականությամբ լի քայլերս
ուղղեցի դեպի պահարանը
և զգեստների արանքում ծվարած,
մերկ,
խոնավացած,
աշնան տերևի պես դողդոջուն սիրեկանիս
արեցի սիկտիր:

2004

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *