5. Տարիքային ճգնաժամեր. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

5. Տարիքային ճգնաժամեր. Պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Տարիքը օբյեկտիվ, քանակական և պայմանական հասկացություն է: Այն իր մեջ ներառում է ֆիզիոլոգիական և հոգեբանական տարբեր առանձնահատկություններ և փոփոխություններ, որոնք պայմանավորված են տվյալ ժամանակաշրջանի սոցիալ-մշակութային համատեքստով:

  • Անցումային ճգնաժամային շրջաններից առաջինը նորածնության շրջանն է՝ երեխայի ծնունդից մինչև երկու-երեք ամսական շրջանը:

Ճգնաժամային շրջաններ են նաև մեկ տարեկանի, երեք տարեկանի և վեց/յոթ տարեկանի շրջանները, որոնց հաջորդում է ամենաբարդ ճգնաժամային շրջանը՝ դեռահասությունը:

Բոլոր անցումային փուլներն ունեն միանման բնութագրականներ. փոփոխություններ են տեղի ունենում բոլոր ոլորտներում և սրանք երեխաների կողմից դժվար հաղթահարվող խոշոր, լայնամասշտաբ փոփոխությունների շրջաններ են: Ներքին փոփոխություններից բացի տեղի են ունենում մի շարք փոփոխություններ՝ կապված արտաքին միջավայրի հետ: Փոխվում է երեխայի հանդեպ վերաբերմունքը, փոխվում են նրա հանդեպ պահանջները և ակնկալիքները: Այս փոփոխություններից անմասն չեն նաև երեխայի ծնողները:

  • Հաջորդ ճգնաժամային տարիքը երեք տարեկանի շրջանն է՝ կախված երեխայի զարգացման տեմպից:

Այս ճգնաժամը շատ յուրահատուկ և գեղեցիկ ճգնաժամ է, որովհետև այս փուլում ծնվում է երեխայի կամքը և երեխան սկսում է այն փորձարկել: Նա հասկանում է, որ որոշ բաներում կարող է չենթարկվել, հակառակվել, կարող է ինչ-որ բաներ անել ճիշտ հակառակը, կարող է չանել այն, իրենից պահանջում են և երեխայի մոտ այս նոր որակի ակտիվ փորձարկումների շրջան է սկսվում:

Հաջորդ կարևոր որակը, որ դրսևորվում է երեք տարեկանում, «ես»-ի տարանջատումն է շրջակա միջավայրից: Մինչև երեք տարեկանը երեխան ինքն իրեն սովորաբար դիմում է երրորդ դեմքով, իսկ այժմ նա ինքն իրեն սկսում է դիմել առաջին դեմքով: Ի հայտ է գալիս երեխայի «ես»-ը: Երեխան, ինքն իրեն առանձնացնելով շրջակա միջավայրից, սկսում է իր ուժն ու ազդեցությունը զգալ այդ միջավայրի վրա: Այս տարիքում ձևավորվում են ինքնագիտակցության առաջին տարրերը: Երեք տարեկանի ճգնաժամը դժվար հաղթահարելի է նաև ծնողների համար, քանի որ երեխան դառնում է դժվար կառավարելի և չենթարկվող:

  • Հաջորդ ճգնաժամային փուլը վեցից յոթ տարեկանի շրջափուլն է:

Այս շրջանում ձևավորվում է երեխայի սոցիալական «ես»-ը: Փոխվում է երեխայի սոցիալական դերը, որովհետև նա արդեն աշակերտ է: Այս տարիքում տեղի են ունենում նաև մեծ ֆիզիոլոգիական փոփոխություններ:

  • Հաջորդ տարիքային ճգնաժամը դեռահասության ճգնաժամն է:

Այս ճգնաժամը, նախորդ ճգնաժամերի համեմատ, բոլորի կողմից նկատելի է լինում: Դեռահասության ճգնաժամը 10-15 տարեկանի շրջանն է, որը ներքին և արտաքին լուրջ փոփոխությունների շրջան է: Երեխայի օրգանիզմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում. երեխան ձեռք է բերում հասուն մարդու ներքին և արտաքին կառուցվածք: Կարևոր է հաշվի առնել, որ այս փուլում երեխայի զարգացման համար շատ կարևոր է ծնողներից տարանջատումը՝ էմանսիպացիան: Սա շատ կարևոր է դեռահասի կայացման և ինքնուրույն դառնալու համար: Դեռահասության ճգնաժամից ելքը ընթանում է երկու ճանապարհով՝ ենթարկվելու ճանապարհ կամ ըմբոստության ճանապարհ: Պետք է ընդունել, որ ըմբոստության ճանապարհը երեխայի զարգացման ճանապարհն է, իսկ ենթարկվելու ճանապարհն ընտրող երեխաներն իրենց զարգացման մեջ հետընթաց են ապրում:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *