Ավանդույթ և իրավունք. Արա Ղազարյան, Աղասի Թադևոսյան

Ավանդույթ և իրավունք. Արա Ղազարյան, Աղասի Թադևոսյան

Երբ խոսում ենք ավանդույթի և իրավունքի հակադրության մասին ու փորձում ենք ավանդույթը դիտարկել որպես նորույթներ չհանդուրժող մշակութային ֆենոմեն, անհրաժեշտություն կա տարբերակելու ավանդույթների երկու հիմնական խումբ՝ փակ կամ դոգմատիկ և բաց կամ դինամիկ: Դրանք մեկը մյուսից տարբերվում են նրանով, որ փակ ավանդույթների հիմքում ընկած է նորը մերժելու խնդիրը, մերժվում է ցանկացած որևէ նոր մեկնաբանություն՝ վերաբերող մարդկային փոխհարաբերություններին կամ թե որևէ այլ ոլորտի՝ կարգաբերվող ավանդույթի միջոցով, մինչդեռ բաց ավանդույթները ընդունում են իրենց մեջ փոփոխություն կատարելու պատրաստակամությունը:

Իրավական դաշտը հենված է այնպիսի ավանդույթների վրա, որոնք անընդհատ ենթակա են փոփոխության: Ավանդույթն ապահովում է կանխատեսելիություն, հարմարավետություն, անվտանգություն:

Կարելի է ավանդույթը ներկայացնել «ճշմարտություն» բառով, այսինքն այս կերպ ապրելը ճիշտ է, ավելի ճիշտ է հանդիպելուց այսպես բարևել, ոչ թե՝ այնպես, մեծ ու փոքրի հետ այսպես վարվել և այլն: Կան ավանդույթներ՝ ճշմարտություններ, որոնք համարվում են մարդուն ի վերուստ տրված, աստվածային, սակրալ ծագմամբ: Այդպիսի օրինակ են պատվիրանները, Սբ. Գրքի դոգմաները: Բայց կան և նմանօրինակ ճշմատություններից տարբերվող ճշմարտություններ, որոնք համարվում են ոչ թե աստծուց տրված ավանդույթ, այլ մարդկանց կողմից ստեղծված: Եվ այն, ինչը ստեղծում է մարդը, ոչ թե աստված, որը չի սակրալիզացվում, դրանք գիտելիքի միջոցով ճանաչված երևույթներն են, որոնք վեր են ածվում ավանդույթի, որպեսզի մարդն ամեն անգամ հեծանիվ չհորինի: Հենց դա էլ դառնում է կյանքը կարգավորող ավանդույթ, որը փորձում է կապվել իրավունքի հետ:

Կա մի տիրույթ, որտեղ մենք ունենք քաղաքացիական համերաշխություն: Դա ցեղասպանության հարցն է: Թեև ցեղասպանության հարցը գալիս-կապվում է ընտանիքի հետ, դա հանրային խնդիր չի որակի տեսանկյունից, բովանդակային առումով: Քանի որ ըստ էության՝ մեզանից յուրաքանչյուրը ցեղասպանությունը դիտում է որպես իր արյունակցի՝ ցեղի անդամի, լայն առումով՝ մեծ ընտանիքի անդամի հանդեպ ոտնձգություն, այլ ոչ թե մարդու կյանքի իրավունքի հանդեպ ոտնձգություն: Մեր հասարակությունում ցեղասպանությունը հենց այս տեսանկյունից քննարկելու պակաս ունենք:

Եթե մենք ուզում ենք որպես հասարակություն կայանալ, ապա շատ լուրջ խնդիր ունենք դիֆերենցվելու, այսինքն ներքին տարանջատման, տրոհման խնդիրը կա, մեր մեջ տարբերներ ստեղծելու խնդիր ունենք: Դրանից չպետք է վախենանք: Մեր ընտանիքի և ազգի կոնցեպցիան իր մեջ վախ է պարունակում ներքին տրոհումներ առաջացնելու, ներքին բազմազանություն առաջացնելու, ուստի մենք միշտ փորձում ենք նորույթներին, որոնք կարող են ավանդույթը տրոհել և ավանդույթի հիմքի վրա բազմազանություններ ստեղծել, սպանել մեր մեջ: Այն դեպքում, երբ տրոհված, դիֆերենցված հասարակություններն են, որ չեն կարողանում այլ գործիքներ գտնել փոխհարաբերության և ինքնակազմակերպման և դիմում են իրավունքին:

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Share Button

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Your email address will not be published. Required fields are marked *